Աշխարհաքաղաքական առումով ո՞րն է մեր տեղն այս աշխարհում։ Պետք է հասկանալ՝ մենք Արևմուտքի՞ մաս ենք, թե՞ Արևելքի։ Դա ոչ թե և ոչ այնքան արժեհամակարգային ընտրության խնդիր է, որքան՝ գոյութենական։
Մենք ավանդաբար մեզ համարում ենք եվրոպական արժեքների կրող, այսինքն, այդ առումով մեզ համարում ենք եվրոպացիներ, հետևաբար, նաև առավելապես արևմտյան աշխարհի մաս, քան թե արևելյան։ Այդպիսի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք մոռացել, կորցրել կամ ուղղակի զիջել ենք մեր արժեքները նրանց, ովքեր ջանադրաբար յուրացնում են մեր պատմական, քաղաքակրթական, մշակութային ժառանգությունը։ Այնուհետև, ինչպես տեղի է ունենում նման դեպքերում, մեկ այլ ճանապարհով դրանք վերցրել ենք նրանցից՝ փոփոխված, անվանափոխված, բայց արդեն որպես նրանց արժեքները։ Դա, իհարկե, չի նշանակում նաև, որ մենք մեր արժեքներով արևելյան ենք։ Իրականում մենք առանձնանում ենք որպես մեր ինքնուրույն արժեհամակարգը, լեզուն, գիրը, գիտելիքն ու մշակույթն ունեցող ազգ։ Մեր մեծագույն խնդիրը մեր արմատներին վերադառնալն է, հատկապես այժմ, երբ ողջ աշխարհին տևականորեն պարտադրել են դեմոկրատական արժեքներ ու սպառողականություն։ Այդ առումով ամեն ինչ այնքան էլ լավ չէ նաև Արևելքում, քանի որ հավաքական Արևելքը նույնպես անմասն չի մնացել այդ ազդեցությունների ծանր հետևանքներից։ Գոյութենական առումով մենք Արևմուտքում լուծումներ չունենք։
Բրիտանական նավերը երբեք մեր լեռները չեն բարձրանա, բայց նրանց մշտական երազանքն է լողալ ռուսական ջրերում։ Իսկ այդ ճանապարհին մեր լեռներն են, որը նրանք փորձում են հաղթահարել թուրք-ադրբեջանական հետևակի միջոցով։ Այս անվտանգային ակնհայտ սպառնալիքի տակ մենք մոռանում ենք, թե հատկապես մեր անկախության երեսուն տարիների ընթացքում ինչպիսի հետևողական կազմաքանդման, ավերի ու թալանի է ենթարկվել ու ենթարկվում մեր երկիրը, որի արդյունքում ունենք սուբյեկտայնությունը կորցրած, սեփական անվտանգային, սոցիալական խնդիրները հոգալու անկարող, արտաքին հսկայական պարտքի բեռան տակ ընկած, քայքաքյված, կազմալուծված տնտեսությամբ ու կառավարման համակարգով հայրենիք։ «Կայուն զարգացող» աշխարհը դեպի հետկապիտալիստական հասարակություն տանող ուժերը ծածուկ, թե ափաչքարա բոլոր միջոցները գործադրում են իրենց նպատակներն իրականություն դարձնելու համար։ Այդ օղակում իր կարևոր դերն ուներ քովիդյան շրջանը։ Տպավորություն կա, թե այն ընդհատվեց Ռուսաստան- ՈՒկրաինա պատերազմով, բայց ես հակված եմ այն կարծիքին, որ այս պատերազմի միջոցով նրանք շարունակում են իրենց ծրագիրը։ «Գլխավոր պլանի» առաջին արգելքը Ռուսաստանն է, որի դեմ նրանք գործադրում են բոլոր հնարավոր միջոցները շարունակաբար և ավելի ու ավելի կոշտ, անթաքույց եղանակներով։ Պատերազմը, եթե անգամ նրանց չհաջողվի հաղթել Ռուսաստանին, շարունակում է աշխարհի պետությունների թուլացման, դրանց կառավարությունների հեղինակազրկման, նրանց կառավարելիության բարձրացման, այդ երկրների տնտեսական կարողությունների փլուզման, հասարակությունների ունեզրկման, ժողովրդագրական, միգրացիոն խնդիրների սրացման, հնարավորինս շատ կոնֆլիկտների ու կոնֆլիկտային կողմերի ձևավորման, ենթադրվող կառավարելի քաոսի մեջ ներառելու քաղաքականությունը։ Այդ առումով բոլորովին զարմանալի չէ, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառված բազմաբնույթ սանկցիաների հետադարձ ազդեցությունները իրենց տնտեսությունների, հասարակությունների վրա բոլորովին էլ չեն շփոթեցնում սանկցիաները գործադրողներին։ Ըստ էության, տարբերություն չկա իրենց և այլ պետությունների ազգաբնակչության վիճակի վատթարացման մեջ։ Կարևորը, որ այդ գործընթացը շարունակվի ու ներառի հնարավորինս շատ թվով մարդկանց։ Այդ առումով Արևմուտքը, ինչ որ տեղ հարկադրաբար, Ռուսաստանին բերեց ՈՒկրաինայի հետ պատերազմելու քայլին։ Այժմ էլ, Եվրամիության միջոցների հաշվին ՈՒկրաինային շարունակաբար զինելով, Ռուսաստանին թույլ է տալիս խաղալ իր խաղը, քանի դեռ կբավականացնեն ուժերը։ Այսինքն, խաղադրույքը Ռուսաստանի ուժասպառումն է, որպեսզի հնարավոր լինի նրան հաղթել առանց մեծ կորուստների։ Այստեղ մենք պետք է ունենանք մեր դիրքորոշումը։ Մեր բնական շահը պահանջում է, որ այդ հակամարտությունում հաղթի Ռուսաստանը, ընդ որում, հաղթի՝ հնարավորինս պահպանելով իր ռազմական, տնտեսական պոտենցիալը։ Եթե կան քաղաքական ուժեր, որոնք այս հակամարտությունում գրավում են Արևմուտքի կողմը, ապա այդպիսի դիքորոշումը անհնար է մեկնաբանել մեր ազգի շահերով։ Շատ դեպքերում, ինչպես նաև վերջին պատերազմի ժամանակ, մենք բողոքել ենք, որ Ռուսաստանը դավաճանում է մեզ՝ իր ռազմավարական դաշնակցին։
Բայց այդպիսի իրավիճակներում մենք հայտնվել ենք հիմնականում, երբ Ռուսաստանը թույլ է եղել, կամ Ռուսաստանի կառավարումը գտնվել է արևմտյան ուժերի ձեռքին, կամ, երբ մենք նույնպես գործել ենք ոչ որպես դաշնակից։ Հենց վերջին պատերազմից առաջ, ընթացքում և հետո էլ այս իշխանությունը բազմաթիվ անգամ տարբեր եղանակներով դրսևորել է իր ոչ բարեկամական վարքը Ռուսաստանի նկատմամբ։ Անգամ, եթե հարկադրված է եղել դեմքով շրջվել դեպի Ռուսաստանը, ապա «թիկունքով» ծառայել է Արևմուտքին՝ ի դեմս թուրք-ադրբեջանական տանդեմի։ Սա մենք ժխտել չենք կարող։ ՈՒրեմն, առաջին եզրակացությունը․ մենք պարտավոր ենք բովանդակային նոր մակարդակի վրա դնել մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Մտածել, որ մեր այդպիսի կողմնորոշումը վաղ է արտահայտել, քանի դեռ չի ավարտվել ռուս-ուկրաինական պատերազմը, տեղին չէ։ Նախ, այդ մասին պետք չէ տարփողել, պետք է աշխատել։ Մեր հարաբերությունների բնույթի ու որակի մասին հետքրքրվողները պետք է փորձեն դատել այդ դաշնակցության հետևանքներով և ոչ թե հայտարարությունների հիման վրա։ Բացի այդ, Ռուսաստանն ինքը քաջ գիտակցում է, որ այս պատերազմում պարտվելու իրավունք չունի։ Պարտությունը հավասար է կործանման։ Իսկ հաղթելու ներուժ Ռուսաստանն ունի։ Պետք չէ կասկածել։ Երկրորդ եզրակացությունը հետևում է ինքնիրեն. մեր հարևանների մեջ միակ երկիրը, որ ՀՀ անկախացումից ի վեր հաստատապես բարեկամական վերաբերմունք է դրսևորել, դա Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Արդարացիորեն կարող ենք արձանագրել, որ մեր հարևաններից ու դաշնակիցներից Իրանը միակ երկիրն է, որ մեզ համար խնդիրներ չի ստեղծել։ Նույնքան ճշմարիտ է նաև մեր երկրի կարևորությունը Իրանի համար որպես բարեկամի, որի տարածքով հնարավոր է իրականացնել տնտեսական, հաղորդակցական, իհարկե, նաև քաղաքական նշանակություն ունեցող կարևորագույն ծրագրեր։
Մեր երկրի սուվերենությունը, տարածքային ամբողջականությունն ու կայունությունը նույնքան կարևոր հանգամանքներ են այդ երկրի տարածքային ամբողջականության ու կայունության համար։ Մեծ խորաթափանցություն պետք չէ հասկանալու համար, որ մեր երկու երկրները լիարժեք ռազմավարական դաշնակցության ներուժ ունեն։ Այդ փաստի գիտակցումը պետք է հնարավորինս արագ ամրապնդել երկու երկրների միջև ռազմավարական խորացված դաշնակցային հարաբերությունների պաշտոնական հաստատմամբ։ Սա մենք դիտարկում ենք որպես մեր տարածքային ամբողջականությանը սպառնացող մարտահրավերներին դիմակայելու կարևորագույն միջոց։ Այդ առումով մենք ոչ մի խնդիր չպետք է ունենանք մեր դաշնակցի և ոչ դաշնակիցների հետ։ Մենք բոլոր ատյաններում բոլոր հնարավոր միջոցներով պետք է պաշտպանենք մեր իրավունքները, նույն կերպ, ինչպես վարվում է Իրանը՝ իր ազգային-պետական շահերը պաշտպանելիս։ Չթերագնահատելով մեր հզոր հարևանի հնարավորությունները, կարող եմ ասել, որ խելամիտ գործակցության դեպքում մենք կարող ենք անհամեմատ մեծացնել մեր երկրի քաղաքական կշիռը։
Պետք է ընդգծել, որ Իրանի հետ մեր երկրի լիարժեք գործակցության պարագայում մենք ինչ-որ չափով արդեն կներգծվենք Չինաստանի և Հնդկաստանի աշխարհաքաղաքական դիրքավորումներում՝ հաշվի առնելով անգամ այդ երկու հսկա երկրների միջև առկա հակասությունները։ Իհարկե, դա մեզ չի զրկում առանձին-առանձին այդ երկրների հետ մեր հարաբերությունները կառուցելու հնարավորությունից։ Ավելին, հատկապես Չինաստանի հետ մեր բազմակողմանի գործակցության կառուցումը մեզ թույլ կտա լրացուցիչ հնարավորություններ ստեղծել մեր երկրի անվտանգային խնդիրների մեզ համար բարենպաստ դասավորության համար։ Վերականգնելով մեր սուբյեկտայնությունը, բարձրացնելով մեր անվտանգային կարողությունները՝ մենք ավելի հետաքրքիր կարող ենք նկատվել անգամ արևմուտքից, որտեղ, մեր համայնքների դերակատարությունը բարձրացնելու հաշվին, մենք ավելի շահեկան դիրքեր կարող ենք ունենալ։